fbpx
Հասարակություն

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 6 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի բնակիչներ՝ 26-ամյա Ալիկ Քոչարյանի վարած BMW մակնիշի 65 XX 600 համարանիշի և 39-ամյա Սասուն Աթաբեկյանի վարած ՈՒԱԶ 469 մակնիշի 34 NИ 003 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Աթաբեկյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 8-ամյա Դավիթ Աթաբեկյանը, 37-ամյա Անահիտ Դիլբարյանը, BMW-ի վարորդ Ա. Քոչարյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 32-ամյա Թաթուլ Էլարյանն ու 34-ամյա Մհեր Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ BMW-ի վարորդին և ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա։

Օպերատիվ են գործել Իջևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ