ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր և խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2020թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով տարբեր ՓԲ ընկերություններում ստեղծել և նույնականացրել է էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ, այնուհետև դրանց միջոցով առցանց ձևակերպել է ընդհանուր 26 վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 3.205.000 ՀՀ դրամ գումարը:
- Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի նախագահի հետ չեն հանդիպել
- Հավաքի մասնակիցներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ քննվող գործով կա ձերբակալված. ՀՀ քննչական կոմիտե (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բացի դրանից՝ հիշյալ տղամարդը, 2021 թվականի ապրիլին, «Facebook.com» սոցիալական կայքում այլ անձի անվամբ գրանցված անհատական էջից նամակագրություն վարելով նույն կայքի անհատական էջի օգտատիրոջ հետ, խաբեությամբ ստացել է վերջինիս հեռախոսահամարը, էլեկտրոնային դրամապանակ գրանցելու համար հեռախոսահամարին ստացված ծածկագիրը, ուղղորդել այդ անձին էլեկտրոնային դրամապանակը նույնականացնելու գործընթացում, այնուհետև՝ ունենալով նրա անվամբ գրանցված էլեկտրոնային դրամապանակի տվյալները, ՀՀ բանկերից մեկում վերջինիս անվամբ ձևակերպել է վարկ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել խոշոր չափերով՝ 990.000 ՀՀ դրամ գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ: