Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը:
«Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ «ՀայՓոստ» ընկերության փոխանակման կենտրոնում Ավստրալիա ուղարկվող միջազգային երկու առաքանիների նկատմամբ իրականացրել են մաքսային տեսազննում: Այնուհետև կատարվել է զննում և Հայաստանի Հանրապետությունից՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից դեպի Ավստրալիա ուղարկվող միջազգային փոստային առաքանիներից յուրաքանչյուրի միջից հայտնաբերվել է մեկական արծաթագույն լիսեռ:
- ՊԵԿ-ի հարկային ստուգումների տարեկան ծրագրում նախորդ տարվա համեմատ 3,3 տոկոսով քիչ հարկ վճարող է ընդգրկվել
- Հարցման մասնակիցների 86.1 տոկոսը դրական է գնահատել ՊԵԿ գործունեությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հիշյալ առաքանիների միջից հայտնաբերված 2 արծաթագույն լիսեռները հատուկ գործիքների միջոցով կտրելու և մասնատելու արդյունքում հայտնաբերվել է 3կգ 680 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի շուկայական գինը գերազանցում է 200 հազար ԱՄՆ դոլարը:
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները) հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: