fbpx
Իրավական

Երեք ընկերները ձերբակալվել են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ երեք ընկերները ձերբակալվել են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով, նրանք նախնական տվյալներով վիճաբանության են բռնվել Գետափ գյուղի բնակչի հետ, ապա որսորդական հրացանով ցանկացել են կրակել բնակչին:

«ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2021թ. ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդն իր վարած «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով իր երկու ընկերների հետ գնացել է Եղեգնաձոր քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ: Նշված վայրում նկատելով Գետափ գյուղի 37-ամյա բնակչին՝ երեք ընկերներն իջել են ավտոմեքենայից, մոտեցել  և վիճաբանության են բռնվել Գետափ գյուղի բնակչի հետ, որի ժամանակ 34-ամյա տղամարդը,  իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բռնել է վերջինիս ձեռքից՝թույլ չտալով փախչել, նրա ընկերներից մեկը վերոնշյալ ավտոմեքենայի բեռնախցիկից դուրս է բերել որսորդական ողորկափող հրացանը և փոխանցել 34-ամյա ընկերոջը, իսկ մյուսը փորձել է բռնել 37-ամյա տղամարդուն :

Վերջինս, իր կյանքին վտանգ սպառնալու հանգամանքից ելնելով, դիմել է փախուստի, որի ժամանակ 34-ամյա տղամարդը, բռնություն գործադրելու սպառնալիքով, որսորդական հրացանից երեք կրակոց է արձակել նրա ուղղությամբ, որից  հետո երեք ընկերները  «BMW X 5» մակնիշի  ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեք ընկերները ձերբակալվել են՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ