Հարգելի՛ գործընկերներ, եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում: Նա նշել է, որ դա պետք է արտահայտվի հետևյալ սկզբունքներով.
«1) Հայաստանում գործող բոլոր դատավորները առանց բացառության պետք է ենթարկվեն այսպես ասած վեթինգի, այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
2) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
3) Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին և նրա ժողովրդին
4) Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար, և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը:
5) Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար:
Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահամանդրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին: Եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նման լուծումների: Այս ողջ աշխատանքը պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Այս ողջ օրակարգը արդեն երկար ժամանակ մենք քննարկում ենք ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհուրդի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, ԱՄՀ-ի,Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: Եվ ես հույս ունեմ՝ մեր բոլոր միջազգային երկրները կկանգնեն Հայաստանի կողքին, որովհետև մեր նպատակը ոչ թե մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալն է, այլ իրապես անկախ, իրապես օբյեկտիվ, իրապես իրավունքի գերակայության վրա հիմնված դատական համակարգ, որը համապատասխանում է քաղաքակիրթ աշխարհի առաջատար չափանիշներին:
Այս հարցում մենք պետք է լայնորեն համագործակցենք նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, փորձագիտական կազմակերպությունների հետ: Ուզում եմ ընդգծել, որ իրապես հասունացել են նաև հակակաոռուպցիոն պայքարի վստահելի, հստակ և ինստիտուցիոնալ լուծումների ժամանակը»: