Ես կարծում եմ, որ ընդդիմությունն իր դիրքորոշումներում պետք է լինի ավելի հեղափոխական, քան այն թիմը, որ հեղափոխության արդյունքում ձևավորել է իշխանություն, բարձրացնի քաղաքական դիսկուրսի, քաղաքական մշակույթի նշաձողը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ-ում առկա լարվածությանը, իշխանություն-ընդդիմություն միմյանց մեղադրող ելույթներին:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության կողմից Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորման տապալմանը, Մակունցն ասաց, որ դա ոչ թե արվել է քաղաքական որոշման արդյունքում այլ հղում կատարելով օրենքի որոշակի դրույթների, կայացվել է այդ որոշումը, որը եղել է բացառապես իրավական:
«Մի կողմից իրավունքի ուժով կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողովը, մյուս կողմից քանի որ նախկինում մենք ՏԻՄ-էրին ուժեղացնելու համար, նրանց լիազորությունները հստակ տարանջատելու համար օժտել ենք որոշակի իրավունքներով և լիազորություններով, դա հնարավորություն չի տալիս այս քննիչ հանձնաժողովին իրականացնել իր լիազորությունները: Սա ոչ թե քաղաքական որոշում է, այլ բացառապես իրավական»,-հավելեց նա:
Հարցին, թե արդյոք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի զանգել և խնդրել, որ մի ելք գտեք ու թույլ մի տվեք, որ այդ հանձնաժողովը ձևավորվի, Մակունցը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ իրենք ամեն ինչ անում են, որ բոլոր գործողությունները լինեն հրապարակային և թափանցիկ:
«Բայց այս պարագայում օրենքից շեղում կատարելը կարող էր լինել շատ վատ նախադեպ: Մենք միշտ պատրաստ ենք եղել ընդառաջել ընդդիմության բոլոր նախաձեռնություններին, այդ թվում քննիչ հանձնաժողովներ ստեղծելուն: Այստեղ ոչ թե քննիչ հանձնաժողով չստեղծելն է, այլ որ հարցը հանրայնորեն քննարկվի այն կառույցում, որն իրավական առումով լիազորված է դա անել: Այս դեպքում իրավասությունը Երևանի ավագանու դաշտում է»,-ասաց նա։
Պագամավորը նշեց, որ առանձին կառույցներում, եթե նախկինում ընդդիմությունը հնարավորություն չուներ ներկայացնելու թեկնածուներ, ապա այս պարագայում, հնարավորություն է տրվում, որ քվոտավորված ընդդիմությունը ներկայացուցիչ ունենա:
»Առանցքային հարցերում, ինչպիսին է հակակոռուպցիոն մարմինը, ընդդիմությունը պետք է ունենա շատ մեծ վերհսկող դեր: Մենք դրական ենք գնահատում և նպաստել ենք, որ ընդդիմության ներկայացուցիչը ընդգրկվի այդ հանձնաժողովում, որտեղ էլ որոշվել է, որ հենց նրանց ներկայացուցիչը դառնա նախագահ»,-ընդգծեց նա։
Մակունցը նաև հայտարարեց, որ աղմուկն ընդդիմախոսություն չէ։
«Ես կարծում եմ, որ բոլորս պետք է բովանդակություն ստեղծենք, հնարավորություն տանք հասարակությանը, ընդդիմախոսներին բովանդակային քննարկումների շուրջ ներկայացնել իրենց այլընտրանքային մոտեցումները»,-եզրափակեց Մակունցը: