Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան-Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ օգոստոսի 7-ին, ընթանում է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: