fbpx
Աշխարհ

Իրանում ընթանում է զանգվածային բողոքի ցույցերի վեցերորդ շաբաթը

Իրանում ընթանում է երիտասարդ Մահսա Ամինիի սպանությունից հետո սկսված բողոքի ցույցերի վեցերորդ շաբաթը։

Euronews-ը հայտնում է, որ բուհերը վերածվել են իշխանությունների հակադրության կենտրոնների. որոշ ուսումնական հաստատություններում անհնազանդորեն և ցուցադրաբար համատեղ պարապմունքներ են կազմակերպում տղամարդկանց և կանանց խմբերի համար, կամ միասին նստում են ճաշարաններում, ինչը ուղղակիորեն հակասում է Իսլամական պետության օրենքներին:

Քաղաքների փողոցներում բացահայտ հնչում են հակակառավարական կարգախոսներ։ Բողոքի ցույցերը մշտապես վերաճում են իրավապահ մարմինների հետ բախումների։

Աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար ցույցեր են անցկացվում ի պաշտպանություն իրանցիների։ Կիրակի օրը նման ցույց է տեղի ունեցել Վաշինգտոնում, որը հավաքել է մի քանի հազար մարդ։

«Իրանում մեր եղբայրներն ու քույրերը դուրս են գալիս փողոց, և նրանք պետք է պայքարեն իրենց կյանքի համար։ Մենք այստեղ ենք՝ ազատ երկրում, և պետք է բարձրաձայնենք»,- ասել են ցույցի մասնակիցները։

Իրանցի իրավապաշտպանների տվյալներով՝ հինգ շաբաթ շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 240 մարդ, այդ թվում՝ անչափահասներ, դարձել են բախումների զոհ։

Հիշեցնենք՝ բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։

Երիտասարդ աղջկան հիջաբի «ոչ պատշաճ կրելու» պատճառով բերման էր ենթարկել բարոյականության ոստիկանությունը (Իրանում ոստիկանական հատուկ ստորաբաժանում), նրան տարել էին բաժին, որտեղ մի քանի օր անց աղջիկը մահացել էր։

Միաժամանակ, ոստիկանությունից հայտնում են, որ աղջիկը մահացել է սրտի կաթվածից, իսկ նրա ընտանիքը պնդում է, որ նա առողջական խնդիրներ չի ունեցել, մասնավորապես՝ սրտանոթային համակարգի հետ կապված։ Ամինիի հարազատները նաև նշում են, որ չեն կարողացել թույլտվություն ստանալ նրա մարմինը տեսնելու համար։

Բողոքի ցույցի մասնակիցները պնդում են, որ աղջիկը մահացել է ոստիկանական բաժանմունքում իրավապահների կողմից դաժան ծեծի հետևանքով, նրանք նաև լուսանկարներ են հրապարակել որոշ էջերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ