109 կգ քաշային կարգում երկրորդ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Սիմոն Մարտիրոսյանը Առաջին ալիքի ուղիղ եթերում պատասխանել է Կարեն Գիլոյանի հարցերին ու կիսվել տպավորություններով. «Որն է այստեղ և Աշխաբադում աշխարհի չեմպիոն դառնալու տարբերությո՞ւնը. տարբերություն չկա, ինձ համար կարևոր էր, որ այս անգամ ևս հաղթեի ու ապացուցեի, որ ես եմ ուժեղը այս քաշային կարգում:
Կարելի՞ է ասել, որ սա Սիմոնի դարաշրջանն է. (ժպտում է) Աստված տա՝ այդպես լինի»,- ասել է մեր մարզիկն ու նշել, որ լեգենդար հայ ծանրորդ Յուրի Վարդանյանի ցուցանիշը կրկնելն իր նպատակներից է. «Յուրի Վարդանյանի ռեկորդը կրկնելն իմ նպատակներում կա: Կարևորը՝ վնասվածքներ չունենամ, ամեն ինչ հնարավոր է»:
Լեգենդար հայ ծանրորդն Օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն էր: Յուրի Վարդանյանը 1980 թվականին Մոսկվայի Օլիմպիական խաղերի չեմպիոն էր դարձել՝ սահմանելով 5 ռեկորդ՝ երկամարտի ցուցանիշը հասցնելով բացառիկ՝ 405 կգ-ի:
Սիմոն Մարտիրոսյանը նաև հաջողություն է մաղթել Հայաստանի վերջին ներկայացուցիչներին Թաիլանդում ընթացող ԱԱ-ում՝ Գոռ Մինասյանին և Ռուբեն Ալեքսանյանին. «Շնորհակալ եմ բոլորին բարեմաղթանքների և շնորհավորանքների համար: Հաջողություն եմ մաղթում Գոռին և Ռուբենին: Եթե լավ աշխատեն, միանշանակ իրատեսական է մեդալ նվաճելը»:
Կարեն Գիլոյանը վերջում նշել է, որ կցանկանա հաջորդ անգամ Սիմոնի հետ զրուցել Տոկիոյում՝ Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո. «Աստված Ձեր ձայնը լսի»,- ասել է մեր մարզիկը:
Գրում է ArmSport-ը։

