Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անձամբ կհետևի Օդեսայի Tokyo Star հյուրանոցում բռնկված հրդեհի հետաքննությանը, որի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 10-ը վիրավորվել են: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Զելենսկին նաև հայտարարել է, որ հրդեհի համար պատասխանատվություն կկրեն ոչ միայն ողբերգության անմիջական մեղավորները, այլև հյուրանոցի սեփականատերը:
«Օդեսա, Տոկիո Սթար: Այս գիշեր մենք կորցրինք 8 մարդկային կյանք: 10 մարդ վիրավորվել է, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: Եվ սա պատերազմի կամ գնդակոծությունների պատճառով չէ, այլ հանցավոր անփութության և հակահրդեհային անվտանգության տարրական նորմերի անտեսման պատճառով, մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի պատճառով: Պատասխան կտան ոչ միայն հրդեհի անմիջական մեղավորները, այլև Վադիմ Չեռնին՝ այսպես կոչված հյուրանոցի սեփականատերը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահը:
Երկրի ղեկավարը խոստացել է անձամբ հետևել հրդեհի հետաքննությանը, որպեսզի «պատիժը համապատասխանի օրենքի նորմերին և արդարության պահանջներին»:
Նա նաև նշել է, որ չի կարելի սեփական շահը մարդկային կյանքերից վեր դասել, և իր զորակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին:
Բացի դրանից՝ նախագահը շնորհակալություն է հայտնել փրկարարներին, ոստիկանությանը և հրդեհի ընթացքում օգնություն ցուցաբերած բոլոր մարդկանց:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Օդեսա քաղաքի Tokyo Star հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել։
