Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Կուպյանսկ քաղաք՝ աջակցելու առաջնագծում գործող զինվորներին։ Նա ընդգծել է, որ Կուպյանսկի ուղղությունը կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի համար, և զինվորներն այստեղ գրանցում են նշանակալի արդյունքներ։ «Շատ ռուսներ խոսել են Կուպյանսկի մասին, իսկ մենք տեսնում ենք իրականությունը։ Ես այստեղ եմ, շնորհավորեցի մեր տղաներին»,- նշել է նախագահը։
Զելենսկին նաև ընդգծել է, որ առաջնագծում հաջողությունները կարևոր են ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ոլորտում։ «Այսօր առաջնագծում արդյունքների հասնելը կարևոր է Ուկրաինայի համար՝ դիվանագիտական արդյունքներ ստանալու առումով։ Մեր ամուր դիրքերը երկրի ներսում նշանակում են ամուր դիրք պատերազմը դադարեցնելու բանակցություններում»,- հավելել է նա։

