Մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին ներկա է 15 անդամներից 10-ը: Օրակարգի նախագծում ընդգրկված է 2 հարց, որոնցից մեկը վերաբերում է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ին հավանության արժանացած կառավարության ծրագրի և արդյունքների մասին զեկույցին: Հիմնական զեկուցողը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Նախարարը ներկայացրեց կառավարության նախորդ ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը:
«Իրականացվել է վարչական համաներում: Արդյունքում 108 հազար 916 անձանց նկատմամբ կիրառվել է համաներում, կարճված կատարողական վարույթների թիվը 1 միլիոն 259 հազար 177 է: Իրականացվել է քրեական համաներում: Արդյունքում քրեակատարողական հիմնարկներից ազատված դատապարտյալների թիվը մարտի 13-ի դրությամբ 627 է: Պրոբացիոն ծառայությունում համաներում է կիրառվել 2342 շահառուի նկատմամբ: Երևանի 4 բժշկական կենտրոններն ունենալու են կալանավորների համար նախատեսված բաժանմունքներ: Ոչ միայն Երևանի, այլև Վանաձորի, Գյումրիի և Գորիսի որոշ բժշկական հաստատություններ կունենան հհատուկ բաժանմունքներ՝ նախատեսված կալանավորների և դատապարտյալների համար»,- ասաց Զեյնալյանը:
Նախարարի խոսքով՝ պատիժը կրելու պայմանական վաղաաժամկետ ազատվելու ինստիտուտը, որը տարիներ շարունակ պատշաճ չէր կիրառվել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, սկսել է գործել:
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձ: