Interfax լրտավական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ համաձայն չէ այն տեսակետի հետ՝ «Հայաստանին, ըստ էության, այնքան էլ պետք չէ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը»։
«Ես չեմ կարող համաձայնել այս կարծիքի հետ: Եվ Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: Դա հնարավոր է փոխզիջումների հիման վրա խաղաղ համաձայնության գալով: Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք չեն կարող հեռանկար ունենալ: Եվ մենք չենք կարող շահագրգռված լինել մի իրավիճակով, երբ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը չունեն կայուն երկարաժամկետ հիմքեր: Այս իմաստով, խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն՝ այս հակամարտության կարգավորման համար»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը։
Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը՝ արտգործնախարարը նշել է, որ 90-ականների կեսերից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որի մեջ մտնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, եղել և մնում է բանակցային գործընթացի միակ ձևաչափը:
«Տարիների ընթացքում մշակվել է մի ամբողջ մեխանիզմ, տարբեր չափորոշիչների և մոտեցումների մի ամբողջ հավաքածու, որոնք ապահովում են այն շրջանակը, որտեղ հնարավոր է փոխզիջումային տարբերակ մշակել: Շոշափելի և իրական փոխզիջում: Այս իմաստով մենք շարունակում ենք և շարունակելու ենք աջակցել այս միջնորդական ձևաչափին: Ռուսաստանի Դաշնությունը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է:
Նախարարը շեշտել է, որ Ռուսական կողմի ջանքերը շատ արդյունավետ էին, դա դրսևորվեց ինչպես հուլիսյան իրադարձությունների ժամանակ, այնպես էլ դրանցից առաջ:
Վստահ եմ, որ Ռուսաստանի ներգրավվածությունը բոլոր մակարդակներում ընդգծում է այդ գործընթացի նկատմամբ Ռուսաստանի լրջությունը և այն կարևոր ներդրումը, որ Ռուսաստանը, մյուս համանախագահների հետ միասին, ապահովում է խաղաղ կարգավորման գործընթացում»,- ընդգծել է ԱԳ նախարարը։