2015 թվականին ԱԱԾ-ի՝ մեծ աղմուկով վնասազերծած զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց սույն գործով նիստը, որի ժամանակ էլ Վարդանյանի պաշտպանները գրավի միջնորդություն ներկայացրի, և նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց այն:
Նշենք, որ սույն գործը դատարանում է շուրջ 4 տարի. այդ ընթացքում բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվեցին՝ բացի Արթուր Վարդանյանից:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք-Մարաշում վնասազերծվել է զինված խումբ: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած, 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը և ևս 17 անձ: