fbpx
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի ԱԳ, մշակույթի և արդարադատության նախարարի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպում ունեցավ Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեցին Հայաստանի և Լիխտենշտայնի երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը: Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական քայլերը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ կանխարգելման օրակարգն ավելի քան քսան տարի հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը, և այս հարցում որդեգրված սկզբունքային դիրքորոշումը շարունակելու է մնալ անփոփոխ: Կարևորելով այս ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրումը՝ երկու երկրների արտգործնախարարները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին կանխարգելման օրակարգի շուրջ առավել սերտ փոխգործակցություն ծավալելու հարցում:

Նախարար Մնացականյանն Աուրելիա Ֆրիքին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ