ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մայրաքաղաքում այս գիշեր տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով ոստիկան է մահացել:
«Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին:
Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:
Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգևի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը’ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։
Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։
Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։ Երկու անձ ձերբակալվել է․ նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001թթ.: