ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ՊՈԱԿ-ը հայտնել է, որ թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, ժամը 12-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժամանակավոր ցուցադրություն։ Կներկայացվի հայկական ժողովրդական ու դեկորատիվ-կիրառական արվեստն իր բազմազանությամբ ու հարստությամբ:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ունի ժողովրդական արվեստի նմուշների ոչ շատ մեծ, բայց արժեքավոր հավաքածու։ Նշանակալի են գորգերը, կարպետներն ու կարպետագործ իրերը: Հավաքածուն ընդգրկում է պատմական Հայաստանի համարյա բոլոր գորգագործական ու կարպետագործական կենտրոններին վերաբերող իրեր:
Կցուցադրվեն տարբեր տարիներին գործված գորգեր, կարպետներ, անկողնապարկեր, աղի քսակներ, ասեղնագործ ու ժանեկագործ իրեր, ինչպես նաև 20-րդ դարի 2-րդ կեսով թվագրվող դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման և խեցեգործության նմուշներ։
Ցուցադրությունը կտևի մեկ ամիս։