Հարյուր և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգատրվեն վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով, պարգևատրվող բուժաշխատողների թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի բաց նամակին՝ ուղղված վարչապետին և նախագահին:
Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգևատրման առաջարկություն։ «12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգևի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով։ Նշեմ, որ պարգևատրվող բուժաշխատողների թվում են նաև Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները»,-ասաց խոսնակը:
Նշենք, որ «Նորք ինֆեկցիոն» հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը նամակ էր հղել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Աշխատակիցները բաց նամակում իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք Անկախության տոնին նվիրված պարգևատրման արարողության ժամանակ չէր պարգևատրվել։
