fbpx
Քաղաքականություն

2020-ին մենք 2 անգամ ականատես եղանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ավերմանը. Սոնա Ղազարյանի զեկույցը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում:

Իր զեկույցում պատգամավորն ասել է.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ տարբեր դերակատարների ներգրավվածությամբ: Հատկապես հատկանշական է Ուկրաինայի գլխավոր դատախազի ներկայացրած տեղեկատվությունն Ուկրաինայում պատմամշակութային հուշարձանների ավերման վերաբերյալ:

Պատմամշակութային հուշարձանների պահպանությունը հավասարապես մեր բոլորի պատասխանատվությունն է` անկախ հուշարձանի մշակութային կամ ազգային պատկանելությունից, որովհետեւ խոսքը համաշխարհային պատմության պահպանման մասին է:

Անխոս, պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում՝ պատմության կեղծման հետագա հնարավորությամբ: Ցավով պետք է նշեմ, որ նման դեպքեր տեղի են ունեցել նաեւ Հարավային Կովկասում: 2020 թվականին մենք 2 անգամ ականատես եղանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ավերմանը:

Եվգենյան անդրադարձել է Բելառուսում, Ուկրաինայում ու Հարավային Կովկասում պատմամշակութային հուշարձանների ավերման դեպքերին պատերազմների ժամանակ: Ես ուզում եմ նախ մի պարզաբանում անել բոլոր գործընկերների համար, քանի որ համարում եմ` Հայաստանում մուսուլմանական մզկիթների պահպանությունը պետության պարտականությունն է, եւ այս առումով, երբ նշվում է մզկիթների ավերման մասին, պետք է ասեմ, որ Երեւանում` քաղաքի սրտում, ամենամեծ իրանական մզկիթն է տեղակայված, որը վերանորոգվել եւ գտնվում է պետական պահպանության ներքո:

Հաջորդ մզկիթը, որին ակնարկ է արվել քննարկումների ժամանակ, Կոնդի մզկիթն է: Ուզում եմ տեղեկացնել, որ Կոնդ թաղամասում գոյություն ունի երկու եկեղեցական կոթող. մեկը մզկիթն է, մյուսը` քրիստոնեական մատուռը: Երկուսն էլ այս պահին գտնվում են ոչ պատշաճ վիճակում: Պետությունը դրանք հաշվառել է պետռեգիստրում եւ ամեն տարի լուսանկարում է` թույլ չտալու, որ դրանք որեւէ վնասի ենթարկվեն:

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել նաեւ Խորհրդային Միության կողմից ինքնության վերացման ձեւերից մեկին: Խոսքը Երեւանի կենտրոնում Պողոս-Պետրոս եկեղեցու քանդմանը եւ դրա տեղում կինոթատրոն կառուցելու ԽՍՀՄ որոշման մասին է:

Ուշագրավ է, որ եկեղեցու փոխարեն կառուցված կինոթատրոնի անունը «Մոսկվա» է: Սա ընդհանուր զեկույցի տրամաբանությամբ ցույց է տալիս ԽՍՀՄ կողմից վարվող մշակութային ինքնության ջնջման մեկ օրինակ: Ես բերել եմ ինձ հետ լուսանկարներ, որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ կոնտեքստի մասին ենք խոսում, երբ բարձրաձայնում ենք 80-ականների վերջում եւ 90-ականների սկզբում սոցիալական վիճակով պայմանավորված կոթողների ձեւափոխման մասին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ