fbpx
Կառավարություն
23:39 27/03/2019

21-ի փոխարեն 6 տեսչական մարմին. ի՞նչ խնդիրներ են լուծելու տեսչական մարմինները

2018թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվեց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը, հաստատվեց կանոնադրությունը: Գրասենյակը համակարգելու է տեսչական մարմինների աշխատանքները, նպաստելու է դրանց կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը: Գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանն այսօր՝ մարտի 27-ին, ներկայացրել է գրասենյակի աշխատանքների կազմակերպման և անցկացման մանրամասները՝ նշելով, որ տեսչական մարմինները ոչ միայն ստուգողներ պետք է լինեն, այլև անվտանգությունն ապահովեն:

«Տեսչական մարմինները բավականին լայն սպեկտոր պետք է ծածկեն: Խոսքը վերաբերում է 6 տեսչական մարմինների վերահսկողության ոլորտների օրենսդրության մշակմանը: Կան ոլորտներ, որտեղ օրենսդրությունում ինչ-որ բաներ պետք է փոխվեն, մնացած ոլորտներում զրոյից պետք է մշակվի: Մշակվելու և ներդրվելու է համակարգ, որը հնարավորություն կտա գնահատել տեսչական մարմնի աշխատանքը, բացի դրանից նաև տեսչական մարմնի կառավարման համակարգի ամբողջացմանը միտված իրավական ակտերի են մշակվելու»,- ասաց Հայկ Այվազյանը:

Բարեփոխումների մի քանի փուլ անցած օպտիմալացման շնորհիվ հանրապետությունում այսօր 6 տեսչական մարմին կա՝ կառավարության ենթակա Բնապահպանության և ընդերքի, Շուկայի վերահսկողության, Կրթության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, Առողջապահության և աշխատանքի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինները:

«Եղածը միանշանակ չէր բավարարում և արդյունքում արդեն 10 տարի է, այս գործընթացն ընթանում է՝ սկսած 2009-ից: Երբ տեսչական մարմինների ռեֆորմները սկսեցին, մի քանի փուլ անցան: Սա համարենք փուլերից մեկը: Սկզբում ներքին գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված փոփոխություններ տեղի ունեցան, խոսքը ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման մասին է, որ փորձ արեց ավելի կանխատեսելի միջավայր ստեղծել, դրանից հետո օպտիմալացման փուլը սկսեց 2014-ի վերջից, որի արդյունքում 21 ստուգող մարմինների փոխարեն այսօր ունենք 6 տեսչական մարմին և հիմա այդ մարմինների վերջնական ներդրման փուլում ենք»,- նշեց գրասենյակի ղեկավարը:

Տեսչական համակարգի նորամուծություններից է լինելու տվյալների միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա տեսչություններին իրականացնելու տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության գնահատում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ