fbpx
Իրավական

27-ի դեպքի ուսումնասիրությունները պետք է միայն իրավական դաշտում լինեն. Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբերի 27-ի հետ կապված ես կոնկրետ մեղադրանք միշտ հնչեցրել եմ պարոն Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ՝ այն մասով, որ երբևիցե մեր համար հասկանալի չի եղել պարոն Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի այդ օրը հանդիպման և՛ դրդապատճառը, և՛ քննարկման նյութը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ես կուզենայի, որ էտ հանգամանքի ուսումնասիրությունը դառնա 27-ի բացահայտման թեմա, բայց որ առանց հիմքի մեղադրենք ինչ-որ կառույցների, կամ ինչ-որ երկների կամ, ընդհուպ, մինչև նախագահների, դա պարզապես սուտ է և մի նպատակ է հետապնդում. փչացնել հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա, որը պարզապես չի ստացվի: Չի ստացվի էն պարզ պատճառով, որ մեր երկիր շատ լավ հասկանում է անվտանգության առումով դրա կարևորությունը: Ինչ վերաբերում է հիմքեր լինելուն, այս պահին որևէ հիմք չկա որևէ մեկի կողմից  նման անհեթեթ եզրակացություն անելու համար», – ասաց պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ նաև մամուլում իր անունից տարածված հայտարարությանը, բնորոշելով այն որպես ապատեղեկատվություն և հավելեց, որ այդ կայքերի տերերը կամ դրանց տնօրինողները պետք է հստակ գիտակցեն, որ իրենք պարզապես խաղում են հակառակորդի դաշտում, պարզապես հրապարակում են նյութեր, որոնք թուլացնում մեր անվտանգության համակարգը՝ հակառակորդին հնարավորություն տալով փող չծախսելով ունենալ դիրքային առավելություններ:

«27-ի բացահայտումը մեր երկրի համար, իհարկե, շատ կարևոր է, բայց ապագա ուսումնասիրությունները միայն բացարձակ իրավական դաշտում պետք է լինեն և նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված ապացույցների շրջանակում միայն կարող է որևէ մեկը որևէ հայտարարություն անի: Իմ անունից արված հայտարարությունը համարում եմ սուտ դա գոյություն չունի», – նշեց պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ