Brexit-ի չեղարկման և Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու պահանջով հանրագիրը մարտի 31-ին գերազանցել է 6 մլն հավաքված ստորագրությունների նշագիծը: Այս միջնորդությունը առավել լայն աջակցությունն է ստացել բոլոր այն հանրագրերից, որոնք երբևիցե զետեղվել են բրիտանական խորհրդարանի կայքում, և բրիտանացի օրենսդիրներն ապրիլի 1-ը կնվիրեն դրա շուրջ բանավեճերին:
Ավելի վաղ երկրի կառավարությունն արձագանքել է այդ հանրագրին, հայտարարելով, որ չի հրաժարվելու Brexit-ից, քանի որ մտադիր է հարգել 2016 թվականի հանրաքվեի արդյունքները և խորհրդարանի հետ միասին աշխատել այն գործարքի հաստատման համար, որը կապահովի ԵՄ-ից Միացյալ Թագավորության կանոնակարգված դուրս գալը:
YouGov սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման համաձայն՝ ներկայում բրիտանացիների 61 տոկոսը ցանկանում է, որ Միացյալ Թագավորությունը դուրս չգա Եվրամիությունից: Հարցվածների 39 տոկոսը պատրաստ է պաշտպանելու Լոնդոնի և Բրյուսելի «ապահարզանն» այն պայմաններով, որոնք ամրագրված են Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծում, որը հաստատվել է Եվրամիության կողմից, բայց առայժմ չի ստացել բրիտանական խորհրդարանի հավանությունը։