ՊԵԿ-ի աշխատակիցները 600 հազար դոլարի կոկաին են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)-Azat TV
Իրավական

ՊԵԿ-ի աշխատակիցները 600 հազար դոլարի կոկաին են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։

«Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին և վերջինիս ուղեկցող ուղեբեռը:

Հայաստան ժամանած քաղաքացու ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ 2 փաթեթ: Դրանք թաքցված են եղել նրա ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերված «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1721 գրամ: Այս խմբաքանակի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ, կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, իսկ օտարերկրացին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 267․1 հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ :

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից շարունակվում է համապատասխան միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով», – ասվում է ՊԵԿ պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ