Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողովն առաջին նիստն է անցկացրել: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ քննարկվել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցը, ինչի վերաբերյալ առաջիկա երկու օրվա ընթացքում որոշում կկայացվի:
«Սա ենթադրում է նաև միջազգային պարտավորությունների շրջանակում փոփոխություններ, ինչի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հանդես կգա»,-հավելել է Արսեն Թորոսյանը:
Նախարարը շեշտել է, որ հիվանդության ախտորոշիչ թեստերի հետ կապված խնդիր ունեն բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը.
«Քանի որ հիվանդությունը նոր է, այդ թեստերը նոր են մշակվում: Առավոտյան պայմանավորվածություն ենք ձեռք բերել չինական արտադրողի հետ՝ թեստեր ձեռք բերելու համար, որոնք Չինաստանում ՀՀ դեսպանատունը կուղարկի Հայաստան»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ այդ թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանիշների ի հայտ գալու դեպքում:
Թորոսյանն ընդգծեց, որ մինչ օրս Չինաստանից Հայաստան եկած՝ ջերմություն, փռշտոց, հազ ունեցող թե՛ մեր քաղաքացիների, թե՛ Չինաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուսին բնորոշ կլինիկական ախտանիշներ չի եղել:
«Հետևաբար, 99,9% հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին որևէ դեպք չունենք Հայաստանում»,-շեշտեց նախարարը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումը հռչակել է համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ, քանի որ այն մարդուց մարդ սկսել է փոխանցվել նաև Չինաստանից դուրս: