Հուլիսի 15-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ փոքր ավիացիայի հետ կապված զարգացումներին: Նա նշեց՝ արդեն 2 փոքր օդանավ են գրանցել, օդապարիկ էլ, այսինքն՝ փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ առաջին քայլերը սկսվել են, թեպետ դեռ շատ խնդիրներ ունեն:
«Մեր ավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել, հիմա փորձում ենք հեշտացնել գրանցման պրոցեսը, վերապատրաստել աշխատակիցներին, եթե խոչընդոտներ են լինում քաղավիացիայից դուրս, էլի աջակցում ենք, միաժամանակ առաջարկ ենք մշակել, որ օրենքը փոխեն գերթեթև օդանավերի հետ կապված, հիմա դրանք Հայաստանում գրեթե անհնար է գրանցել»,- ասաց նա:
Ռևազյանը նշեց, որ փոքր ավիացիայի ներսում այնքան էլ մեծ մոտիվացիա չկար դա զարգացնելու, քանի որ վտանգավոր է:
«Փոքր օդանավով ավելի վտանգավոր է, քան Բոինգով, աշխատակիցների համար դա կարող էր գլխացավանք լինել, սարեր ունենք, ավելի լավ էր հանգիստ էս թեման փակված պահել, բայց ես հասկանում եմ, որ դա բալանսի բան է, պետք է թռիչքային անվտանգությունը պահպանենք, բայց նաև օրենքներ չմշակենք, որ ընդհանուր ոլորտը չզարգանա: Օրենսդրությունը պիտի փոփոխվի, էս ոլորտում մասնավոր հատվածի հետ բանակցությունները շատ լավ են գնում: Այստեղ փող չկա, մարդ չի գա փոքր ավիացիա զարգացնելու, եթե ուզում է մեծ փողեր աշխատել: Մարդիկ պիտի լինեն, որ ոլորտը սիրում են, Հայաստանը սիրում են: Ես նկատել եմ՝ այդպիսի մարդիկ կան Հայաստանում, երկու հոգին էլ օդանավեր են գրանցել»,- հավելեց նա: