Երևանում կայացել է «Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) պատվաստում. համաշխարհային փորձը՝ տեղական համատեքստում» խորագրով քննարկում` միջազգային ճանաչում ունեցող հայ առաջատար փորձագետների մասնակցությամբ: ՄՊՎ-ի կանխարգելման վերաբերյալ քննարկումը միավորել է շուրջ 200 հայ բժշկի՝ ստեղծելով փորձի փոխանակման և գործնական կապեր հաստատելու կարևոր հարթակ:
Հայաստանի 5-րդ բժշկական միջազգային համագումարի (5IMCA) շրջանակում կազմակերպված քննարկման նպատակն էր ներկայացնել առողջապահության ոլորտում առկա արդի հիմնախնդիրներից մեկի՝ մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) և դրա հետևանքով առաջացող հիվանդությունների կանխարգելման համաշխարհային փորձը՝ Հայաստանի համատեքստում: ՄՊՎ-ով պայմանավորված հիվանդություններն են արգանդի վզիկի քաղցկեղը, սեռական օրգանների, բերանի խոռոչի և կոկորդի ուռուցքները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմամբ (ԱՀԿ, 12 մայիս, 2017թ., https://www.who.int/wer/2017/wer9219/en/) կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցեղի դեպքերի 71%-ն առաջանում է միայն ՄՊՎ 16 և 18 տեսակներով: Հայաստանում 15-44 տարեկան կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող քաղցկեղների մեջ երկրոդ տեղում է արգանդի վզիկի քաղցկեղը՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: Միայն 2018 թ. գրանցվել է 196 նոր դեպք: Դեպքերի 56%-ը հայտնաբերվում է հիվանդության 3-4 փուլերում։ Հայաստանում կանանց շրջանում քաղցկեղից մահվան ընդհանուր դեպքերի մեջ 7-րդ տեղում է արգանդի վզիկի քաղցկեղը, իսկ 15-44 տարեկանների շրջանում՝ երկրորդ տեղում (https://hpvcentre.net/statistics/reports/ARM.pdf):
Քննարկման բանախոսներն էին համաճարակաբան Արման Բադալյանը (Հայաստան), վարակաբան Դանիել Ստամբուլյանը (Արգենտինա), ուրոգինեկոլոգ Սամուել Բադալյանը (ԱՄՆ), մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Օկոևը (Հայաստան) և օնկոգինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը (Հայաստան)։ Քննարկմանը մասնակից բժիշկները` մանկաբույժներ, գինեկոլոգներ, ուռուցքաբաններ, համաճարակաբաններ, գիտաշխատողներ, առողջապահական հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները:
Քննարկումը վարել են «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը և Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեփիլյանը: Քննարկման կազմակերպիչներն էին Առողջապահության նախարարությունը, ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամը և Հայաստանի 5-րդ բժշկական միջազգային համագումարի կազմ կոմիտեն: Միջոցառման կազմակերպմանը մեծապես աջակցեց բոստոնահայ բժիշկ Լորկի Լիբարիդյանը:
«Լինելով երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հիմնադիր ղեկավար և տարիներ շարունակ առողջապահության կազմակերպիչ՝ միանշանակ պնդում եմ` պատվաստումները՝ այդ թվում ՄՊՎ-ի դեմ, լավագույն ներդրումն են հանրային առողջապահությունում»,- միջոցառմանը բացման խոսքում նշել է Արա Բաբլոյանը:
Մարդկանց 80%-ը կյանքի ընթացքում վարակվում է պապիլոմավիրուսային վարակով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմամբ յուրաքանչյուր տարի ՄՊՎ-ով հիվանդանում է ավելի քան 500,000 կին, նրանցից գրեթե կեսը մահանում են։ Միջազգային փորձն ու կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստումը կանխարգելում է պապիլոմավիրուսով պայմանավորված հիվանդությունները և 70-80%-ով նվազեցնում է արգանդի վզիկի քաղցկեղի հավանականությունը։
«Արգենտինայում ՄՊՎ պատվաստումներն իրականացվում են 2011թ.-ից 11 տարեկան աղջիկների, իսկ 2017թ.-ից՝ նաև տղաների շրջանում: Մինչ օրս Արգենտինայում կիրառելով մոտ 4 մլն դեղաչափ՝ ՄՊՎ պատվաստանյութը չի առաջացրել որևէ լուրջ կողմնակի ազդեցություն», – ասել է արգենտինահայ վարակաբան, ՖԱՅԴԵՔ-ի նախագահ ու հիմնադիր Դանիել Ստամբուլյանը, հավելելով, որ ներկայումս զարգացող երկրներում վարակիչ հիվանդություների դեմ պայքարող ՖԱՅԴԵՔ հիմնադրամը համագործակցում ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության հետ՝ համակարգելով Հայաստանում երիտասարդ կանանց շրջանում ՄՊՎ տարածվածությունը գնահատող համաճարակաբանական ուսումնասիրությունը։
2006 թվականից մինչ այսօր աշխարհում կատարվել է ավելի քան 270 մլն դեղաչափ ՄՊՎ-ի դեմ պատվաստում։ Աշխարհի 82 երկիր ՄՊՎ-ի դեմ պատվաստումը ներառել է ազգային օրակարգում, իսկ 12 երկրում այն կատարվում է նաև տղաների շրջանում։
Համաձայն «Բրիտանական բժշկական ամսագրի» (BMJ 2019;365:l4450 doi: 10.1136/bmj.l4450 (Published 27 June 2019)) տեղեկատվության՝ բարձր եկամուտ ունեցող 14 երկրում իրականացվել է 65 հետազոտության մետավերլուծության՝ ներառելով 60 մլն անձանց 9 տարվա հսկողության վերաբերյալ տվյալներ: Մետավերլուծությունը ցույց է տվել, որ 13-19 տարեկան աղջիկների շրջանում ՄՊՎ 16 և 18 տեսակներով վարակվածությունը նվազել է 83%-ով, իսկ 20-24 տարեկանների շրջանում՝ 66%-ով: Ավելի երկարաժամկետ հսկողության արդյունքներով պարզաբանվել է ՄՊՎ պատվաստումների ազդեցությունը նախաքաղցկեղային վիճակների վրա՝ պատվաստումներից հետո այն զգալիորեն նվազել է 15-19 տարեկան աղջիկների և կանանց շրջանում ՝ 51 %-ով, իսկ 20-24 տարեկանների շրջանում՝ 31%-ով: