Այսօր Մոսկվա կինոթատրոնում կներկայացվի մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմը՝ «Ձյունանուշ»-ը։ Լրագրողների հետ հանդիպմանը «Հայասա ֆիլմ» ընկերության հիմնադիր, «Ձյունանուշ» ֆիլմի ռեժիսոր Արմեն Սիմոնյանը պատմեց, որ ֆիլմի նկարահանումները սկսել էին շուրջ մեկ տարի առաջ։
«Ամբողջ ֆիլմը Ամանորի հետ է կապված։ Գործողությունները սկսում են հենց Նոր տարվա օրը և զարգանում արկածներով։ Ֆիլը այն հրաշքի մասին է, որին սպասում են բոլոր փոքրիկները»,- ասաց նա։
Ռեժիսորը նշեց, որ այն արկածային կատակերգության ժանրում է նկարահանված։
««Ձյունանուշ»-ը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական, ինչպես նաև մի շարք գործընկերների աջակցությամբ»,- հավելեց Արմեն Սիմոնյանը։
Ֆիլմում նկարահանվել են, Անդրանիկ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը, Շուշաննա Թովմասյանը, Լուիզա Ներսիսյանը։
«Մանուկների, երեխաների համար ստեղծագործությունների պակաս ունենք մեզանում»,- հավելեց ֆիլմի սցենարի հեղինակ Անահիտ Արփենը։
Նրա խոսքով՝ ֆիլմի խրատն այն է, որ Ամանորին բոլորը պետք է ուրախ ու երջանիկ լինեն, այլապես համընդհանուրի երջանկությունը թերի կմնա։