fbpx
Իրավական

Ինչպե՞ս Հայաստանում հակակոռուպցիոն մարմին ձևավորել. միջազգային փորձագետների խորհուրդները

Հակակոռուպցիոն ռազմավարությունն իր մեջ բազմաթիվ քայլեր կարող է պարունակել՝ կոռուպցիոն գործերը հետաքննող մարմնից մինչև մասնագիտացված դատարան ստեղծելու հնարավորությունը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն.

«Հայաստանի առջև այստեղ հնարավորությունների լայն շրջանակ է բացվում»:

Մասնագետի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարն իր մեջ անպայման ներառում է քաղաքական որոշում՝ երկրի քաղաքական իշխանությունը պետք է որոշում ընդունի՝ որ չափի կամ ժամկետի կոռուպցիոն գործերը կարող են ներվել, օրինակ՝ փոխհատուցման պայմանով, և այդ դեպքում ներում ստացած մարդիկ պետք է հնարավորություն ստանան հանգիստ գործելու.

«Սակայն, անշուշտ կլինեն մի շարք գործեր, որոնք կորոշվի լիարժեք բացահայտել: Դա կարող է լինել ուղերձ սեփական հասարակությանը կամ միջազգային հանրությանը, որ կոռուպցիան այլևս տեղ չպետք է ունենա կառավարման համակարգում»:

Կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան իր կողմից ավելացնում է՝ արդյունավետ պայքարի համար առաջին հերթին անհրաժեշտ է հաղթահարել պետական համակարգում եղած կոռուպցիոն մշակույթը.

«Դու կարող ես փոխել դատավորներին, դատախազներին, պետական պաշտոնյաներին, սակայն, եթե կոռուպցիոն մշակույթը չվերանա, այն ուշ թե շուտ կարող է վերադառնալ»:

Նորվեգիայում գործող հայտնի U4 հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետ Սոֆի Արյոն Շուեթեն ավելացնում է հատուկ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման առավելությունները երեքն են՝ այն ապահովում է նեղ մասնագիտացված փորձագետների առկայություն, ովքեր կարող են ավելի արագ քննել բարդ կոռուպցիոն գործերը և հին համակարգի մասը չեն հանդիսանում, որը կարևոր է երկրի դատական համակարգի անաչառության վերաբերյալ կասկածների պայմաններում: Այնուամենայնիվ, նման մարմին ձևավորելուց առաջ անհրաժեշտ է հստակ նախագծել դրա լիազորությունները, կազմը և գործունեության հետ կապված բոլոր հարցերը.

«Կոռուպցիոն գործերում ամբաստանյալները հաճախ՝ սեփական շահերը պաշտպանելու նպատակով կարող են վարձել արհեստավարժ դատապաշտպանների, որոնք և կկարողանան կառուցել ամուր պաշտպանություն, փորձելովո նաև թուլացնել մեղադրանքը այն փաստարկով, որ իրենց պաշտպանյալի գործը հետաքննվում է գործող դատաիրավական համակարգի շրջանակներից դուրս, այսինքն չակերտավոր անկախ մարմին հանդիսացող կոռուպցիոն դատարանում»:

Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման բոլոր խնդիրների հետ մեկտեղ, դրա գործունեության համար կարևորագույն նշանակություն ունի խելամիտ ակնկալիքների սահմանումը հասարակության շրջանում, քանի որ չափազանցված ակնկալիքների չիրականացումը բերում է հիասթափության և համակարգի նկատմամբ թերահավատության, հավաստում են փորձագետները։

Աղբյուրը՝ amerikayidzayn.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ