ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է SRK Consulting ընկերության հանքերի փակման, շրջակա միջավայրի և սոցիալական հարցերի գծով փորձագետներին՝ ծրագրի տնօրեն և համակարգող Ջեֆ Փարշլիի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էր «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
SRK Consulting ընկերությունը հանքերի փակման և տնտեսական վերականգնման հետազոտություն է իրականացնում Հայաստանում, Վրաստանում և Ղրղզստանում՝ նպատակ ունենալով գնահատել դրանց սոցիալական, բնապահպանական, տնտեսական ազդեցությունները:
Փոխնախարար Լիլիա Շուշանյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է նման փորձառու թիմի կողմից այս ուսումնասիրության իրականացումը մի հարցում, որտեղ Հայաստանը ևս համակարգի կատարելագործման կարիք ունի:
Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում փակման ծրագրերին վերաբերող օրենսդրական դաշտը և անդրադարձել նորմատիվ-իրավական դաշտի այն կարգավորումներին, որոնց ուսումնասիրությունը խմբի կողմից կարող է օգտակար լինել: Մասնավորապես, շեշտադրվել են հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների փակման ծրագրերի կառուցվածքին, բովանդակության նկատմամբ պահանջների որոշակիացման անհրաժեշտությանը, հանքերի փակումից հետո վերահսկողության գործընթացին և մի շարք այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Միևնույն ժամանակ Լ.Շուշանյանը ընդգծել է փակման պլանի՝ որպես նոր ներդրումային ծրագրի ներկայացման հնարավորությունը ուսումնասիրելու հարցը:
Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են իրենց առաջիկա անելիքները: Նշել են, որ նաև նախատեսվում է Երևանում անցկացնել աշխատաժողով՝ Հայաստանի, Վրաստանի և Ղրղզստանի շահառուների մասնակցությամբ, որտեղ կներկայացվի հարցի վերաբերյալ խմբի ուսումնասիրությունը:
Փոխնախարար Լ. Շուշանյանը հաջողություն է մաղթել փորձագիտական խմբին իրենց աշխատանքներում և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների շրջանակում աջակցել գործընթացին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։