Մեղրիում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողների զորամասն ինքնակամ լքելն արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում էր:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեկրթության կենտրոնի պետ Ալիկ Սարգսյանը:
«Այդ հարցի վերաբերյալ քրեական գործը դեռևս շարունակվում է: Առաջին հերթին զորամասի հրամանատարության կողմից լուրջ թերացում կար, ինչի արդյունքում եղան համապատասխան «վիրահատական» միջամտություններ»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ դեպքի մասնակից զինծառայողները զորամասից տեղափոխվել են այլ ստորաբաժանումներ:
Նրա խոսքով՝ այդ ամենից հետևություններ արվել են, հետևությունների հիման վրա առաջարկներ են ներկայացվել:
Ալիկ Սարգսյանը դեպքերը որակեց որպես արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում, հատկապես զինվորական կանոնադրությունների շրջանակում:
«Համագործակցության շրջանակում մենք վերջերս գտնվում էինք Պաշտպանության բանակում: Այնտեղ տարբեր զորամասերի հրամանատարներից ճշտեցի այն անձանց վերաբերյալ ինֆորմացիա, ովքեր հիմա ծառայությունը շարունակում են ՊԲ զորամասերում, ասացին, որ շատ լավ են կազմակերպում ծառայությունը: Հատկապես, հետաքրքրվել եմ այդ դեպքերի, այսպես կոչված, կազմակերպչի ծառայությունով, և ասացին, որ շատ հանգիստ ծառայում է՝ առանց որևէ խնդրի և հակաօրինական գործունեության»,- ասաց Սարգսյանը: