ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների (պետական և դպրոցական) և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը` սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:
Համաձայն հրամանի` ուսումնական տարին սկսվում է 2019թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2020թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։
2-12-րդ դասարաններում գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ, առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է` «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար, ըստ անհրաժեշտության, կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):
Ուսումնական պարապմունքների ընթացքում սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային, ձմեռային և գարնանային:
Առաջին դասարանցիներին կտրվի` աշնանային արձակուրդ` 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը կտրվի` 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ըներառյալ և գարնանայինը՝ 2020թ. մարտի 23-ից 29-ըներառյալ:
3-12-րդ դասարանների սովորողներին կտրվի աշնանային արձակուրդ` 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռային՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից: