Ամերիկյան Facebook ընկերությունն օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից՝ իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար։ Այս փաստն աշխարհի խոշորագույն սոցցանցի ներկայացուցիչներն ընդունել են հայտարարությամբ, որից հատվածներ է հրապարակել Bloomberg գործակալությունը: Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է միայն վերջիններիս համաձայնությամբ և այլևս չի կիրառվում:
«Ինչպես Google-ը և Apple-ը, մենք ավելի քան մեկ շաբաթ է՝ դադարել ենք վերլուծել օգտատերերի խոսակցությունների ձայնագրությունները»,- ասված է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:
Ընկերության համաձայն՝ Messenger ծառայության նամակագրության անանուն աուդիոձայնագրությունների վերծանմամբ ընկերությունը ստուգել է իր ռոբոտ-ծրագրի աշխատանքի արդյունավետությունը:
Միևնույն ժամանակ ձայնային հաղորդագրությունների վերծանմամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցները Bloomberg գործակալությանը հայտնել են, որ իրենց չեն հաղորդվել ոչ ձայնագրությունների ծագման, ոչ էլ դրանց վերծանման նպատակի մասին:
Նշենք, որ Facebook-ը չի տեղեկացրել իր օգտատերերին, որ նրանց խոսակցությունների ձայնագրությունները կարող են հայտնվել երրորդ անձանց ձեռքում:
Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլին Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ընկերության կողմից օգտատերերի գաղնալսման վերաբերյալ մեղադրանքները «դավադրության տեսություն» էր որակել և հավելել էր, որ «ընկերությունը նման գործունեությամբ չի զբաղվում»: