Եվրամիությունից առանց համաձայնությունների դուրս գալու հետևանքով Միացյալ Թագավորությունը կարող է բախվել պարենի, վառելիքի, դեղորայքի պակասի խնդիրներին, ինչպես նաև որոշ ապրանքների գները կբարձրանան: Սա է վկայում գաղտնի զեկույցի արտահոսքը, որը տպագրվել է The Sunday Times-ում:
Ներքին օգտագործման համար կազմված, բայց մամուլի էջերում հայտնված Operation Yellowhammer կոչվող զեկույցում նաև նշված է, որ խիստ ռեժիմով սահման կառաջանա Իռլանդիայի ու Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի միջև, հետաձգումներ կլինեն ավիացիոն ու երկաթուղային փոխադրումներում, մաքսային ստուգումների հետևանքով ձգձգումներ կլինեն բրիտանական նավահանգիստներում:
Կառավարության ներկայացուցիչները հաստատել են հրապարակված զեկույցի իսկությունը, բայց Brexit-ը նախապատրաստելու հարցերով նախարար Մայքլ Գոուվը Թվիթերում գրել է, թե զեկույցն արտահայտում է հետևանքների վատթարագույն տարբերակը: Նա նշել է, որ վերջին շաբաթներին շատ նշանակալից քայլեր են արվել Brexit-ի պլանավորումն արագացնելու համար:
Նա նաև խոսել է՝ ասելով, թե «կոշտ» Brexit-ի որոշ մտահոգություններ չափազանցված են․ «Անկասկած, ճանապարհին որոշ անհարթություններ կլինեն, The Sunday Times-ում հրապարակված զեկույցը անցյալում արված փորձ է՝ պարզելու վատ, ամենավատ իրավիճակները, որպեսզի մենք դրանք մեղմելու քայլեր ձեռնարկենք: Մենք քայլեր ենք կատարել ոչ միայն որոշ ռիսկերի հետ կապված, այլ նաև՝ համոզվելու, որ մեր տնտեսությունն ու մեր երկիրը ավելի լավ վիճակում է, քան երբևէ՝ հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից դուրս գալու համար»:
Վարչապետի աշխատակազմի աղբյուրը BBC-ին ասել է, որ արտահոսքը արվել է նախկին նախարարներից մեկի կողմից՝ առաջիկա բանակցությունների վրա ներազդելու նպատակով: Այս շաբաթվա մեջ Բորիս Ջոնսոնը հանդիպումներ է ունենալու Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդների հետ, չորեքշաբթի օրը բանակցելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իսկ հինգշաբթի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Բեռլինի և Փարիզի բանակցություններում Բրիտանիայի վարչապետը փորձելու է Brexit-ի պայմանների շուրջ նոր համաձայնության հասնել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երեկ հայտնելով, որ չորեքշաբթի երեկոյան Բեռլինում բանակցելու է Բորիս Ջոնսոնի հետ, նշել է․ «Մենք պատրաստ ենք ցանկացած հանգուցալուծման, եթե անգամ համաձայնագիր չլինի: Բայց ամեն դեպքում, մինչև բանակցությունների վերջին օրը ես ջանքեր եմ գործադրելու լուծում գտնելու համար: Եվ ես կարծում եմ՝ միշտ ավելի լավ է դուրս գալ համաձայնագրով, քան առանց դրա: Սակայն եթե դա հնարավոր չէ, մենք պատրաստ կլինեք նաև այլընտրանքային տարբերակի»:
Մինչ այս պահը Ջոնսոնն ասել էր, որ եթե Եվրամիությունը զիջումների չգնա, միևնույն է՝ հոկտեմբերի 31-ին Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից առանց համաձայնությունների, իսկ եվրոպական երկրների առաջնորդներն ասել էին, թե նոր բանակցություններրի չեն գնա:
Հոկտեմբերի 31-ը Brexit-ի՝ երկրորդ անգամ հետաձգված վերջնաժամկետն է:
Աղբյուրը՝ Ազատություն ՌԿ