fbpx
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է Լին Թրեյսիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 26-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման օրակարգում երկու երկրների միջեւ կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության ամրապնդման հեռանկարն էր:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացքը: Խոսվել է ինչպես դպրոցների ենթակառուցվածքների հզորացման, այնպես էլ կրթական ոլորտի բարեփոխումներում մեթոդական աջակցության մասին: Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաեւ ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԱՄՆ կառավարության օժանդակությամբ իրականացվող վերապատրաստման եւ փոխանակման ծրագրերին եւ դրանց շարունակականության հարցին:

Նրանք համակարծիք են, որ սկսած հանրակրթական հաստատություններից, մեդիագրագիտության բարձրացումը չափազանց կարեւոր է:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական մշակույթի նյութական եւ ոչ նյութական ժառանգության պահպանման նախաձեռնություններին ու ծրագրերին: Նախարարն էլ վստահեցրել է, որ Հայաստանն ուրախ կլինի այս ոլորտում նույնպես համագործակցել ամերիկյան կողմի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ