«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նշանակման շուրջ հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Մենք արդեն գրել ենք, որ օգոստոսի 29-ին նշանակված է տեսչական խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կընտրվի տեսչական մարմնի ղեկավար։ Թեև տեսչական մարմնի ղեկավար նշանակվում է վարչապետի կողմից, սակայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով և հյուսած խարդավանքների արդյունքում մոտ մեկ ամիս առաջ այդ պաշտոնից ազատվեց Էդգար Խուրշուդյանը, ով համարձակվել էր ունենալ սեփական դիրքորոշում առողջապահության ոլորտի որոշ խնդիրների մասով և երբեմն չհամաձայնել Թորոսյանի ասածին ու արածին:
Դեռ ավելին՝ համարձակվել էր հայտարարել, որ առողջապահության նախարարի գործողությունների և ընդունած հրամանների հետ կապված՝ առերևույթ հանցակազմի նշաններ պարունակող որոշակի նյութեր ունի ձեռքի տակ, որոնք պատրաստվում է ուղարկել ԱԱԾ: Սակայն նա Արսեն Թորոսյանի լոբբինգի արդյունքում պաշտոնանկ արվեց՝ վարչապետը նախընտրեց անցնել նախարարի կողմը և պաշտոնանկ արեց տեսչական մարմնի ղեկավարին:
Եվ ահա՝ օգոստոսի 29-ին նշանակված տեսչական մարմնի խորհրդի նիստում, որը պետք է ընտրի նոր ղեկավար, առաջադրված է 5 թեկնածու։ Նրանցից մեկին՝ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Հակոբ Ավագյանին, առաջադրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների գրասենյակը, որը փաստացի ներկայացնում է վարչապետի դիրքորոշումն այդ խորհրդում: Թվում է, թե վարչապետի աշխատակազմի թեկնածուի առաջադրումից հետո որևէ պետական պաշտոնյա չպետք է սեփական թեկնածուին մղեր առաջ՝ փաստացի հակառակվելով կառավարության ղեկավարին, բայց արի ու տես, որ Արսեն Թորոսյանը պաշտոնապես առաջադրել է մեկ այլ թեկնածու՝ հարկայինի նախկին աշխատակից Արայիկ Եղոյանին, մեկ ուրիշ թեկնածուի էլ, ասում են, համոզել է ինքնառաջադրվել՝ որպես պահեստային տարբերակ, որ եթե չկարողանա անցկացնել Եղոյանին, ապա գոնե երկրորդ տարբերակն անցնի:
ՊԵԿ մեր աղբյուրները հայտնեցին, որ Արսեն Թորոսյանի հովանավորյալին այս տարվա փետրվարին Դավիթ Անանյանը հեռացրել է աշխատանքից: Ասում են՝ նրա մասին Անանյանն արտահայտվել է նաև կառավարությունում՝ պնդելով, որ նման կադրերը պետական համակարգում տեղ չունեն: Մանավանդ որ Եղոյանն առնչություն չի ունեցել առողջապահության ոլորտի հետ, մասնագիտությամբ տնտեսագետ է և պատկերացում չունի այն ոլորտներից, որոնցում վերահսկողություն է իրականացնում առողջապահական տեսչական մարմինը: Իսկ թե ինչու է Արսեն Թորոսյանը որոշել իրեն շրջապատել հարկայինի նախկին օպերներով, միայն ինքը կիմանա:
Մի բան պարզ է․ տեսչական մարմինը չպետք է դառնա որևէ մեկի անձնական գործիքը՝ այս կամ այն հիվանդանոցի կամ տնտեսվարողի «հախից գալու» համար, հատկապես նրանց, ովքեր կհանդգնեն հակառակվել նախարարի կամքին: Իսկ որ նախարարի քմահաճույքները տիրապետող են դառնում առողջապահության համակարգում, նկատելի է անգամ անզեն աչքով: Դրա մասին օրերս բարձրաձայնեց նաև առողջապահության ոլորտի լավագույն մասնագետներից մեկը՝ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը՝ հրաժարական տալով ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանի և նախարարի խորհրդականի պաշտոնից, իր անհամաձայնությունը հայտնելով նախարարի վարած անհեռատես քաղաքականության շուրջ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: