Քննադատները Netflix-ի «Լվացքատուն» ֆիլմում Մերիլ Սթրիփի դերն «անհավանական տարօրինակ» են անվանել:
Կոռուպցիան բացահայտելու մասին ֆիլմում դերասանուհու՝ գրասենյակային աշխատակցուհու կերպարը, որը լատինաամերիկյան ծագում ունի, քննադատները գրոտեսկային և անհամոզիչ են անվանել:
Ֆիլմի պատմությունը կենտրոնացած է պանամական փաստաթղթերի շուրջ, որոնք հայտնվել են կոռուպցիայի և ապօրինի հարստացման վերաբերյալ հետաքննություն վարող լրագրողների ձեռքին: Մերիլ Սթրիփը ֆիլմում երկու դեր է խաղում՝ սպիտակ ամերիկացի այրու, որը փորձում է պարզել հանգուցյալ ամուսնու ֆինանսական գործերի վերաբերյալ ճշմարտությունը, և երկրորդը՝ պանամական փաստաբանական գրասենյակի աշխատակցուհու:
Մերիլ Սթրիփի կերտած երկրորդ հերոսուհին բրոնզե մաշկ, կեղծ քիթ, սև կեղծամ և չափազանցված «լատինական» առոգանություն ունի, ինչն էլ քննադատներն անբնական են համարել:
Vanity Fair-ից Ռիչարդ Լոուսոնը դերասանուհու կերպարը տարօրինակ և բավականին տհաճ սխալ է անվանել, հատկապես բարձր գիտակցության դարաշրջանում: Նրա հետ համաձայնել է նաև կինոլրագրող Ռաֆայել Մոթամայորը՝ դերն անվանելով անչափ տարօրինակ:
Սակայն, ֆիլմի ռեժիսորի խոսքերով՝ նրա գաղափարի իմաստը «Լվացքատունը» զվարճալի դարձնելն էր, չնայած արծարծվող թեմայի լրջությանը:
«Լվացքատուն» կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2019-ի սեպտեմբերի 27-ին Netflix-ում: