«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» հետ խաղից առաջ անկեղծացել է, որ իր ընտանիքում բոլորը, հատկապես մայրը, երկրպագել են իրենց ապագա մրցակցին, այդ իսկ պատճառով իր աշխատանքը թուրինյան ակումբում թերահավատորեն է ընդունվել հարազատների կողմից.
«Մայրս դժգոհ էր, մեղմ ասած:
Տատիկս մարզադաշտից 500 մետր հեռավորության վրա էր ապրում, ու մեր ընտանիքում շատ մեծ կրքով երկրպագում էին «Ֆիորենտինային», բացի ինձնից: Ես միշտ աջակցել եմ «Նապոլիին»:
Շատ հիշողություններ ունեմ այդ մարզադաշտից, բայց, ցավոք, հիմա իմ առջև միայն մեկ բան կա՝ ինչպես ես այստեղ կորցրի սկուդետոն: Այն պետք է փոխարինեմ դրական հիշողություններով»,- Սարիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
«Յուվենտուս»-«Ֆիորենտինա» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: