Եվրոպական խորհրդարանի 46 պատգամավոր սեպտեմբերի 13-ին բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով դադարեցնել հալածանքներն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նկատմամբ: Այս մասին հաղորդում է bianet.org-ը:
Բաց նամակում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում Թուրքիայում բողոքի ալիք բարձրացրած Դիարբեքիրի, Մարդինի և Վանի ընտրված քաղաքապետերին պաշտոնազուրկ անելու և նրանց փոխարեն իշխանության կողմից պաշտոնակատարներ նշանակելու հարցին:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները նաև անընդունելի են համարել տարիներ առաջ Twitter-ում կատարած հրապարակումների համար Ժողովրդահանրապետական կուսակցության կին անդամ Ջանան Քաֆթանջըօղլուի նկատմամբ օրերս կայացված 10 տարի ազատազրկման որոշումը:
Բաց նամակում, անդրադառնալով Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ ահաբեկչության քարոզ իրականացնելու կամ օժանդակելու մեղադրանքներ ներկայացնելու տեխնոլոգիային, դա որակել են որպես հալածանք և նշել, որ առանց կոնկրետ ապացույցների նման մեղադրանք առաջադրելն այդ մեղադրանքները դարձնում են կեղծ: