Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ նախարար Մնացականյանը վստահություն հայտնեց, որ իր այս այցը մեծ ներդրում կունենա երկու երկրների և միմյանց նկատմամբ խորը հարգանք տածող երկու ժողովուրդների միջև ավանդաբար հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում:
Գործընկերները գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանը և Լիտվան կիսում են համագործակցության դրական փորձառություն և շարունակելու են համատեղ ջանքերը՝ երկկողմ օրակարգն ավելի հարստացնելու ուղղությամբ:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, էլեկտրոնային կառավարման ոլորտներում երկու երկրների կողմից ձևավորված փորձի և այդ ոլորտի անմիջական դերակատարների համար փոխգործակցության հարթակների ստեղծման հեռանկարների շուրջ:
Հայաստանի ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին՝ որպես գերակա ուղղություն առանձնացնելով դատաիրավական ոլորտի բարեփոխումները:
Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում Զոհրաբ Մնացականյանն արժևորեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը ինչպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցությունն ընդլայնելու, այնպես էլ Հայաստանում մեկնարկած բարեփոխումների գործընթացը խթանելու համատեքստում: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և բարձր գնահատեց այդ գործընթացի շջանակներում Լատվիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:
Հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն այցելեցին և ծաղիկներ զետեղեցին Ազատության հուշարձանին:
Արտգործնախարարն այցելեց Լատվիայի ազգային գրադարան։ Շրջայցի ավարտին ՀՀ ԱԳ նախարարը Հայտնի մարդկանց գրքապահոցին նվիրեց հայ ձեռագիր մատյաններին նվիրված «Մատենադարան» գիրքը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։