fbpx
Աշխարհ

Նեթանյահուն իր հետ կոալիցիա ձևավորելու կոչ է արել իր գլխավոր մրցակցին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իր գլխավոր մրցակից, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարության նախկին ղեկավար Բենի Գանցին միանալ իրեն և կոալիցիա ձևավորել։ Այս մասին գրում է The Guardian-ը:

Ինչպես թոխանցում է աղբյուրը, «Կապույտ և սպիտակ» կուսակցության առաջնորդ Գանցի մամուլի քարտուղարն անմիջապես չի արձագանքել Նեթանյահուի անսպասելի առաջարկին։ Կուսակցության առաջնորդն այս առիթով անձամբ ելույթ կունենա օրվա երկրորդ կեսին:

Նեթանյահուի դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է երեքշաբթի կայացած խորհրդարանական ընտրություններում նրա դիրքերի թուլացմամբ:

«Ընտրարշավի ժամանակ ես կոչ եմ արել ստեղծել աջակողմյան կառավարություն, բայց ցավով պետք է արձանագրեմ, որ ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ դա անհնար է»,-հայտնել է Նեթանյահուն:

Նա իր խոսքում նաև կոչ է արել Բենի Գանցին իր հետ կոալիցիա ստեղծել:

«Բենի, մենք պետք է միասնական կառավարություն ստեղծենք և որքան հնարավոր է շուտ: Պետությունն ակնկալում է, որ երկուսս էլ պատասխանատվություն դրսևորենք և բռնենք համագործակցության ուղին»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունից քաղաքական գործիչ Դավիթ Բիտանը, հանդես գալով ի պաշտպանություն Նեթանյահուի հայտարարության, ասել է. «Բոլոր կողմերը պետք է մի կողմ դնեն իրենց սկզբունքները՝ երրորդ անգամ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխելու համար: «Կապույտ և սպիտակ» կուսակցության միասնական կառավարություն ստեղծելու ցանկությունն իրենց պայմաններով չի աշխատի»:

Ավելի վաղ Գանցը հայտարարել էր, որ հույս ունի՝ ընտրությունների արդյունքներով միասնական կառավարություն կձևավորվի, սակայն բացառել էր Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության հետ քաղաքական կոալիցիայի ձևավորումը՝ հիշատակելով վարչապետի դեմ կոռուպցիոն մեղադրանքները:

Իսրայելցիներից շատերը հույս ունեին, որ այս ընտրությունները երկիրը դուրս կբերեն քաղաքական ճգնաժամից, սակայն դրա արդյունքները երկիրը փակուղի են մտցրել:

Ինչպես գրում է աղբյուրը՝ Նեթանյահուն ոչ միայն պայքարում է իր պաշտոնի, այլև ազատության համար, քանի որ նրա դեմ երեք կոռուպցիոն գործերով մինչդատական լսումները բացվելու են առաջիկա երկու շաբաթներին, մինչդեռ խորհրդարանում մեծամասնական տեղեր զբաղեցնելով՝ վարչապետը հույս ուներ խուսափել քրեական պատասխանատվությունից:

Հինգշաբթի հայտարարված տվյալների համաձայն՝ «Կապույտ և սպիտակ» կուսակցությունը Իսրայելի խորհրդարանում ստացել է 33 տեղ, իսկ «Լիկուդը»՝ 31:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ