Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլիի և ԵՄ-ից գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեի հանդիպումն արդյունքներ չի տվել, կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասված է Եվրահանձնաժողովի՝ սեպտեմբերի 20-ին տարածած հայտարարությունում։
«Միշել Բարնիեն և Սթիվեն Բարքլին պայմանավորվեցին, որ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն,-նշվում է հայտարարությունում:
Չափազանց կարևոր է, որ դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում ներառվի լիովին աշխատունակ և իրավաբանորեն ֆունկցիոնալ որոշում: Մենք առաջվա պես պատրաստ ենք ուսումնասիրելու ցանկացած առաջարկություն, որը համապատասխանում է «բեքստոպի» բոլոր նպատակներին»,-ասված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Բառնիեն և իր թիմը Եվրախորհրդարանին և ԵՄ-ի խորհրդին կտեղեկացնեն բանակցությունների ընթացքի մասին:
Այսպիսով՝ Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի իշխանություններից սեպտեմբերի 19-ին ստացած փաստաթղթերը, որոնք, ենթադրաբար, պետք է պարունակեին Լոնդոնի առաջարկությունները Brexit-ի պայմանների վերաբերյալ, չեն գոհացրել Բրյուսելին:
Այսպիսի հետևություն կարելի է անել, թեկուզ այն պատճառով, որ ԵՀ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա բանակցություններում առաջընթացի մասին, ինչը կողմերն ակնկալում էին ուղարկված փաստաթղթերով պայմանավորված: