Ավստրալիայի կառավարությունը կներդնի 101 միլիոն ԱՄՆ դոլար (150 միլիոն ավստրալական դոլար) NASA-ի ծրագրերում Լուսինն ու Մարսն ուսումնասիրելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Ավստրալիայի արդյունաբերության, ինովացիաների և գիտության նախարարության կայքում հրապարակված հայտարարությանը:
«Սքոթ Մորիսոնի կառավարությունը նախապատրաստում է Ավստրալիան մեկնարկին՝ ներդնելով 150 միլիոն դոլար ավստրալական ձեռնարկությունների և նոր տեխնոլոգիաների մեջ, որոնք կօգնեն NASA-ին ոգեշնչող արշավում Լուսին վերադառնալու և դեպի Մարս ճանապարհորդելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ներդրումների հնգամյա ծրագրի շրջանակում ավստրալական տիեզերական գործակալությունը կուղղի ռեսուրսներն ամերիկյան գործընկերներին օգնելու համար Project Artemis և Lunar Gateway ծրագրերի շրջանակում:
«Մենք համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ դեպի տիեզերք կատարվող գրեթե բոլոր թռիչքներում 60 տարվա ընթացքում, և այդ ներդրումները ճանապարհ են ստեղծում ևս 60 տարվա համագործակցության համար: Այդ պատմական պարտավորությունը կպահպանի արդեն իսկ ամուր միությունն ու ընկերությունը ԱՄՆ-ի և Ավստրալիայի միջև»,-հայտարարել է վարչապետ Մորիսոնը: