ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագծին: Այն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ իրենք հրավիրել էին նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, սակայն վերջինս ներկա չի եղել քննարկմանը:
Նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց նախագծի հիմքում դրված հիմնավորումները: Նրա խոսքով՝ կա առերևույթ կասկած, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել: Պատգամավորը հիշեցրեց, որ մինչ ՍԴ անդամ դառնալը Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ, զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ: Թովմասյանի և Քոչարյանի պաշտպաններից մեկի միջև կա հարազատական կապ․ նա փաստաբան Արամ Օրբելյանի քավորն է: Գրիգորյանի խոսքով՝ ոչ թե զուտ քավոր-սանիկ հարաբերություններն են որոշման համար հիմք դարձել, այլ այն, որ Թովմասյանը գործի քննության ժամանակ չի բարձրաձայնել այդ մասին, և ինքնակամ չի հեռացվել վարույթից:
Սուրեն Գրիգորյանը որպես հիմք ընդգծեց նաև այն, որ Թովմասյանը նախկինում հրապարակային գնահատական է հնչեցրել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, ընդ որում` մինչ ՀՀԿ-ական դառնալն այդ իրադարձությունները բնորոշել է որպես ամոթ երկրի համար, իսկ արդեն նախարար դառնալուց հետո՝ զանգվածային անկարգություններ:
«ՍԴ անդամի ցանկացած կարծիքի արտահայտումը քննվող գործի վերաբերյալ պետք է հիմք լինի, որ վարույթից հեռանա»,-ասաց Գրիգորյանը և հավելեց, որ Հրայր Թովմասյանն այս ամենի վերաբերյալ չի խոսել, չի դարձրել քննարկման առարկա:
Գրիգորյանի խոսքով՝ այս նախագծով չեն քննակելու վիճելի դարձած այն հարցը, թե արդյոք ՍԴ անդամը ՍԴ դատավոր է, թե ոչ: Նա նշեց, որ այս նախագծում ՍԴ դատավորը համարժեք է ՍԴ անդամ արտահայտությանը:
Նախագծի հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ դիմումի հիմքում կոնկրետ անձի վարքագիծն է, քանի որ գործընթացը կարող է ձեռնարկվել դատավորի վարքագծի հիմքով:
«Սահմանադրական ցանկացած մարմին, այդ թվում` խորհրդարանը, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որ համապատասխան իրավասություն է տալիս գործել Սահմանադրության շրջաակներում: ՍԴ-ի հետ կապված` խորհրդարանը որոշակի սահամանափակ լիազորություններ ունի, այդ լիազորություններից մեկը ՍԴ դիմելն է՝ ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու առաջարկով»,-ասաց Վարդանյանը:
Նախագիծն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ, ընդունվելու դեպքում այն կուղարկվի ՍԴ:
Նշենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ էր ընտրվել 64 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ: