Սեպտեմբերի 24-ին Գիտությունների ազգային ակադեմիայում առաջին անգամ տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Իտալիայի Վենետիկի Սուրբ Մարկոսի «Cappella Marciana» երգչախմբի համաժամանակյա առցանց համերգը՝ ցածր հապաղման տեսաձայնային համակարգի (LOLA-LOw LAtency audio visual streaming system) միջոցով:
«Մշակույթը միավորում է» կարգախոսով տեխնոլոգիական յուրօրինակ հեռավար համերգին ներկա է գտնվել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Սա նորարարություն է, և մենք փորձելու ենք լինել առաջիններից մեկը: Այս համերգն առաջին նմանատիպ փորձն է»,-նշել է նախարարը:
LOLA համակարգի միջոցով հնարավորություն է ստեղծվում բարձրորակ կապի միջոցով հեռավորության վրա ռեալ ժամանակում ապահովել ակուստիկ ինֆորմացիայի փոխանակում՝ իրար կապելով անգամ երեք և ավելի կետեր: Սա իրականություն է Համաեվրոպական գիտահետազոտական ցանցի շնորհիվ, որի ծառայություններից օգտվում են հայաստանյան գործընկերները:
Համերգի ընթացքում հանդիսատեսը չի զգում հապաղում՝ ո՛չ ձայնի, ոչ տեսակապի: Նմանատիպ մաստեր կլաս մեկ անգամ տեղի է ունեցել էստոնացի երաժիշտների հետ, սակայն որպես համերգ՝ այն կազմակերպվում էր առաջին անգամ: Սարքավորումները ձեռք են բերվել Արևելյան գործընկերության ծրագրերի միջոցով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից: