Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի է ունենալու «Խնձորի փառատոն»՝ կազմակերպված Նոր Գեղիի համայնքապետարանի կողմից:
Այս օրերին Նոր Գեղի համայնքում փառատոնի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Միջոցառումը մեկնարկելու է Նոր Գեղիի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և խնձորենու օրհնության կարգով, իսկ բուն միջոցառումը սկսվելու է ժամը 15:00-ին՝ Նոր Գեղիի մշակույթի կենտրոնին հարակից տարածքում:
Փառատոնի ընթացքում նախատեսվում է խնձորի տարբեր տեսակների, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստների, խմիչքների համտես եւ ցուցահանդես-վաճառք, ձեռագործ հուշանվերների ցուցահանդես-վաճառք և չորս մետր երկարությամբ խնձորի կարկանդակի պատրաստում և հյուրասիրություն։
Փառատոնն ուղեկցվելու է հայկական ազգային պարով և երգ-երաժշտությամբ:
Փառատոնի ընթացքում կներկայացվի Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ողջ ներուժը։
Այս մասին տեղեկանում ենք Նոր Գեղիի համայնքապետարանից: