ՌԴ ռազմական ոստիկանների զրահապատ մեքենաները առաջին անգամ պարեկություն է արել Սիրիայի Մանբիջ քաղաքում։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակից Սաֆար Սաֆարովը։
«Մենք առաջին անգամ էինք պարեկություն անում այս քաղաքում։ Ռուսական դրոշի երևալուն պես մարտական գործողություննրը դադարում էին հակամարտող կողմերից․ ո՛չ թուրքերը, ո՛չ քրդերը չեն ցանկանում վնաս պատճառել մեզ»,-ասել է Սաֆարովը։
Նրա խոսքով՝ դեռ մեկ շաբաթ առաջ ռուս զինվորականները չէին կարող իրենց թույլ տալ դրոշի ցուցադրմամբ մտնել Մանբիջ, քանի որ ԱՄՆ զինված ուժերը խանգարում էին։
Սաֆարովը նշել է, որ պարեկային ծառայությունը Մանբիջում տևել է 3 ժամ։
Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։
Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: