Հայաստանում շատ ավելի հեշտ է հարց չլուծելը, քան լուծելը. մենք ասացվածք ունենք՝ «մի տնից չենք, մի հալի ենք»: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, է զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ տեսնում ենք, որ մեր հարցերը լուծված չեն, բայց ոչ մեկինը լուծված չէ, դա մեզ մխիթարում է ազգային ասացվածքի տրամաբանության մեջ, որ մի տնից չենք, մի հալի ենք: Բայց երբ ամենավերջից սկսվում է հարցերը լուծվելով գալ, մենք սկսում ենք այդ պրոցեսին բացասաբար վերաբերվել՝ մտածելով, որ ավելի լավ կլիներ, որ հին տրամաբանությունը պահպանվեր, քան հարցը սկսեր լուծվել:
Ես հասկանում եմ, թե դա որտեղից է, որովհետև մարդիկ մտածում են, որ գուցե հարցը գա կանգնի իրենց շեմին և այդպես էլ վերջին քայլը չարվի: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք անելու ենք այդ քայլը և գնալու ենք մինչև ամենասկիզբը»,-հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նույնիսկ այդ դեպքում չենք կարող համարել, որ բոլոր հարցերը լուծված են, որովհետև կան ծառայության ժամանակ զոհված զինվորներ, որոնց հարազատները շահառու չեն։
«Հիմա պայմանն այնպիսի է, որ դեպքը պետք է մարտական հերթապահության ժամանակ տեղի ունեցած լինի: Բայց եթե ասենք, զինվորը մարտական հերթապահության գնալիս մեքենայի մեջ նստած վթարի է ենթարկվել, հիմա ինքը մարտական հերթապահության մե՞ջ է, թե ոչ: Ես կարծում եմ, որ ինքը նույնպես պետք է համարվի շահառու: Ասենք զինվորը մարտական դիրքում չի, բայց զոհվել է հակառակորդի կրակոցից, նա չի համարվում շահառու: Հիմա այդ հարցը կլուծենք, հետո կանցնենք նաև վթարների խնդրին: Մենք հիմա այդպիսի նախագիծ ունենք:
Մի բանում կարող եք վստահ լինել, որ այս հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է: Չի կարող այնպես լինել, որ մեր կառավարությունը ոչ պատշաճ վերաբերմունք ունենա որևէ հանգամանքի բերումով զոհված զինծառայողի կամ որևէ քաղաքացու նկատմամբ ընդհանրապես: Մյուս կողմից պետք է հասկանանք, որ անխուսափելի բան է, որ մենք ստիպված ենք որոշակի տարբերակումներ մտցնել»,-ասաց Փաշինյանը:
«Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ իրենց ակնկալիքն է, որ իրենց ընտրած վարչապետը անի այն, ինչ չեն արել նախկինները: Նա հիշեցրեց, որ «Մարտի 1»-ի 10 զոհերի հարազատներին պետությունը տալիս է 30 մլն դրամ։
«Հանկարծ մտածեք, թե ես նախանձում եմ, որ ինչ-որ մեկին 30 մլն դրամ եք տվել: Եթե կարող եք 5 րոպե հետ տվեք մեր մինուճար զավակներին, ես իմ տունն էլ կտամ ձեզ: Ես ակնկալում եմ, որ մեր հարցին էլ կտաք որոշակի լուծում, մի տարեք հարցը հիմնադրամ: Ուզում եմ, որ ձեր սրտի դավթարում մենք էլ տեղ ունենանք:
25 տարի բանակի կողքին քայլում եմ և երբևիցե չեմ ունեցել նման խնդիր, որ դիմեմ կառավարությանը, ԱԺ-ին, նախագահին, և իմ դիմումներն անպատասխան մնան: Փոխվել է իշխանություն, եղել է հեղափոխություն, և Դուք ժողովրդի կողքին եք, ուստի ակնկալիքը Ձեզանից է, որ հետամուտ կլինեք, և այս զոհվածների ընտանիքները ևս կգտնվենք Ձեր ուշադրության կենտրոնում: Որոշակի խնդիրներ առաջացան, երբ Դուք մեկին հատկացնում եք 30 մլն, իսկ մնացած զոհվածների՞ն: Նրանք էլ են հայ, մենք էլ ենք հայ»,-նշեց Մարգարիտա Խաչատրյանը:
Սրան վարչապետն արձագանքեց, որ փոփոխություններով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի տալիս ենք 48 մլն դրամ:
«Մենք 10 հոգու տվել ենք 30 մլն դրամ, 370 հոգու տալիս ենք 48 մլն դրամ: Ես ասում եմ, որ ձեր նշած կատեգորիայի, մեր սիրելի որդիների հարցը կլուծվի այս սկզբունքի տրամաբանության մեջ, հիմնադրամի շրջանակներում: Ես ճիշտ չեմ համարում շեշտադրումը, երբ ասում են՝ ինչու ուրիշների հարցը լուծվեց, իսկ մերը չլուծվեց: Դա ընդհանրապես հանրային համակեցության տրամաբանությանը հակասող շեշտադրում է»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։