Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ճեպազրույցի շրջանակներում պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը վերջինս արել էր Սոչիի «Վալդայ» ֆորումի շրջանակներում, թե իբր Ղարաբաղը հանդիսանում է պատմական ադրբեջանական հող և, ըստ Զախարովայի, ինչ ի նկատի ուներ Ադրբեջանի նախագահը, երբ հիշյալ ամբիոնից պնդում էր, թե իբրև Ղարաբաղը ամբողջ աշխարհի կողմից ճանաչվել է որպես Ադրբեջանի անքակտելի մաս, Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարեց.
«Ես Սովետական Միության մամուլի քարտուղարը չեմ: Ես չեմ կարող մեկնաբանել Ուկրաինայի կամ Ադրբեջանի քաղաքական գործիչների հայտարարությունները: Դրանք առանձին՝ ինքնավար պետություններ են: Ես միայն կարող եմ այս կամ այն հայտարարությանը գնահատական տալ, սակայն իմ լիազորությունների տակ չէ մեկնաբանել, թե ինչ ի նկատի ուներ պարոն Ալիևը: Ուզում եմ մեկ անգամ ևս խնդրել՝ չդիմել ինձ հարցով, թե ինչ ի նկատի ունի այս կամ այն պետության ղեկավարը: Ես միայն պատասխանում եմ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ կապ ունեցող հարցերին»:
Դիտարկմանը, թե Ռուսաստանի արտգործնախարարի կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին անդրադարձ եղել է և այդ է մեր հարցադրման պատճառը, Մարիա Զախարովան պատասխանեց, որ իրենք ականատես են լինում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող մեծ քանակությամբ քաղաքական հայտարարությունների, որոնք արվում են երկու կողմերից էլ՝ թե՛ Երևանից և թե՛ Բաքվից:
«Այդ հայտարարություններն ունեն տարբեր զգացմունքային աստիճաններ և պատմական ենթատեքստի տարատեսակ մեկնաբանություններ: Մենք մեր հերթին ելնում ենք բանակցային գործընթացի այն հրամայականից, որը, դիվանագիտական լեզվով ասած, դրված է սեղանի վրա: Մենք աշխատում ենք փաստաթղթերի հետ՝ համաձայնեցված փաստաթղթերի հետ, որոնք վավերացվել են երկրների և Մինսկի խմբի համանախագահների կողմից: Մեր խնդիրը, որպես միջնորդի, կայանում է նրանում, որ մաքսիմալ արագանա և իր նպատակակետին հասնի այդ հարցի վերջնական կարգավորումը: Մեր կողմից մենք մշտապես կոչ ենք արել կողմերին կառուցողական մոտեցման, իսկ կասկածել, որ հենց այդ է նրանց նպատակը, ես չեմ կարող և չեմ ուզում, քանի որ երկու կողմերում էլ փորձառու քաղաքական գործիչներ են, ովքեր արտահայտում են իրենց ժողովուրդների մտահոգությունները, իսկ ժողովուրդը նրանց՝ այդ գործիչներին, գործուղել է՝ հարցը հենց խաղաղ ճանապարհով լուծելու համար: Այլ հանձնարարություն ժողովուրդը նրանց չի տվել: Այնպես որ մենք կոչ ենք անում կողմերին կառուցողական քայլեր դրսևորել»:
Հարցերից մեկն էլ վերաբերում էր Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակի շուրջ ծավալված աղմուկին: Հուշատախտակը տեղադրվել է դեռ 2012 թվականին: Բանն այն է, որ ադրբեջանցի ակտիվիստները պատրաստվում են դիմել Կրասնոդարի մարզի դատախազություն՝ պահանջով, որ հայկական եկեղեցու բակից ապամոնտաժվի Նժդեհին նվիրված հուշատախտակը, և այդ հարցում նրանց պատրաստվում է օգնել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը, որն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ակտիվիստներին խոսք է տվել, որ ամեն ինչ անելու է՝ Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժելու համար:
Զախարովան հարցը լսելուց հետո խնդրում է պարզաբանել, թե արդյոք այն վերաբերո՞ւմ է հուշատախտակներին, որոնք Հայաստանի տարածքում են, և ստանալով պատասխան, որ խոսքը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի մասին է՝ հայտնում է, որ մանրամասնորեն ծանոթ չէ հիշատակված իրավիճակին և շարունակելով բացատրում է.
«Ռուսաստանի դիրքորոշումը նրանում է, որ եկեղեցին գործում է պետությունից անկախ: Բացի դա, եթե հայացք նետենք այդ թեմային գլոբալ տեսանկյունից և հետ գնանք, այսպես ասած, պատմականության ակունքներ, ապա այդ խնդրին գնահատականներ մեր կողմից տրվել են՝ ինչպես այս բրիֆինգների, այնպես էլ հատուկ զեկույցների տեսքով: Այդ զեկույցները կարելի է գտնել ՌԴ ԱԳՆ ինֆորմացիոն ռեսուրսների վրա, և այդ մեր գնահատականը ակտուալ է այսօր էլ: Կոնկրետ իրավիճակի հետ կապված՝ դեպուտատների կամ քաղաքային իշխանությունների հայտարարություններ, ես տեղեկացված չեմ: Կտեղեկանամ և կմեկնաբանեմ ավելի ուշ»:
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=V2lniB-6nwM