fbpx
Մարզեր

Գեղաքարի հիմնական դպրոցը կմիավորվի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցին

Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոցը առաջիկայում կմիավորվի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցին, երբ ՀՀ կառավարության կողմից կընդունվի համապատասխան որոշումը:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղաքարի հիմնական դպրոցը տարիներ շարունակ գործել է ընդամենը 1 աշակերտով, ընդ որում այդ մեկ աշակերտը նույն գյուղի բնակիչ չէ, այլ Արարատի մարզի Մասիս համայնքում բնակվող ընտանիքից է՝ դպրոցի տնօրենի եղբոր երեխան:

Նա հիմա տեղափոխվել է Մասիս՝ իր ծնողների մոտ և կրթությունը շարունակում է այնտեղ: Այժմ Գեղաքարում բնակվող մի քանի ընտանիքներից մեկում միայն կա մեկ դպրոցահասակ երեխա, ում շնորհիվ դեռ Գեղաքարի միջնակարգ դպրոցը շարունակում է գործել:

Գեղարքունիքի մարզպետարանը, ելնելով ստեղծված իրավիճակից, առաջարկություն է ներկայացրել կառավարություն՝ Գեղաքարի հիմնական դպրոցը Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցին միավորելու վերաբերյալ:

«Մենք հանգեցինք նման որոշման, որովհետև Գեղաքարում առաջիկա տարիների ընթացքում մնալու է նույն մեկ աշակերտը: Այդ նշանակում է, որ այդ երեխան այդ դպրոցում չունի ընկեր ու խաղընկեր, չի շփվի ոչ մեկի հետ, դասերը սովորելու համար հետաքրքրություն քիչ կցուցաբերի: Այդ երեխային կտրամադրվի մեքենա, որը նրան կտեղափոխի Խաչաղբյուրի դպրոց և դասերից հետո կբերի տուն: Այդ դեպքում երեխան կունենա դպրոցական միջավայր, արդյունավետ ուսում կստանա, իսկ պետբյուջեում տարվա կտրվածքով կխնայվեն ոչ քիչ միջոցներ, որոնք կծախսվեն շատ ավելի նպատակային ու նախկինի պես չեն մսխվի ոմանց կողմից: Կառավարության որոշումն ընդունելուն պես Գեղաքարի հիմնական դպրոցը կվերամիավորվի Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցին», – ներկայացրեց մարզպետը:

Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ