Պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով օրերս ՔԿՀ-ում այցելել էր Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանին, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում այսօր որոշակի մանրամասներ ներկայացրեց:
«Անակնկալ էր Հունանյանից լսել որոշ շրջանակների անուններ, քաղաքական միավորների անուններ, որոնք զարմանալիորեն մեր օրերում դիրքավորված են բարիկադների մյուս կողմում և գրեթե նույնական հռետորաբանությամբ «պաշտպանում» են ՀՀ ժողովրդի և պետության շահերը, ինչպես այդ պաշտպանությանը լծված էր Հունանյանը՝ քսան տարի առաջ: Այդ մարդկանց անունները, որոնք ինձ ասում էր, այսօր դերակատարներ են մեր ներքաղաքական կյանքում և հստակ դիրքավորված են՝ քաղաքական նպատակադրումներով և կողմնորոշմամբ»,-նախ նշեց Արման Բաբաջանյանը:
Նա ընդգծեց, որ հանդիպման մասին շատ մանրամասներ պատմելուց ձեռնպահ կմնա. «Ինձ համար անընդունելի են վերջին օրերին սպառնալիքներն իմ հասցեին հայտնի շրջանակներից: Ապշած եմ, թե մինչև ուր կարող էին հասնել մարդկանց տրամադրությունները: Ցավում եմ նրանց համար: Նրանք կարոտում են այն ժամանակները, երբ տեռորը մեր կյանքի ուղեկիցն էր: Բայց հավատում եմ, որ այդ բեռը թոթափել ենք և ազատ կարող ենք մեր տեսածը պատմել և վերլուծել՝ առանց մտածելու, որ դրան կարող է հետևել քոչարյանական և սերժսարգսյանական ռեժիմին հատուկ տեռորը»:
Արման Բաբաջանյանն ուշագրավ դրվագ պատմեց Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից. «Նաիրի Հունանյանը հիացած չէ թավշյա հեղափոխությամբ: Նրա մոտ վախ չեմ զգացել: Հակառակը, այսօր էլ մտածում է, որ առաքելություն ուներ իրականացնելու: Գտնում է, որ իր ազատությունն իրեն պետք չէ, այլ ժողովրդին, որովհետև վերջինս ուզում է փրկվել: Նա գտնում է, որ առաքելությունը պետք է ավարտին հասցնի»:
Բաբաջանյանը հավելեց. «Մի բան կարող եմ ակնհայտ ասել. ՀՀ-ն այսօր հայտնի պատճառներով՝ Հոկտեմբերի 27-ի անդառնալի իրողության պատճառով պատրաստ չէ այս գործի վերաբացմանը, որովհետև կարծում եմ՝ ոչ միայն դատական համակարգը, այլև իրավական-քաղաքական համակարգը պատրաստ չեն այդ ծավալի գործ մարսելու:
Համոզմունք ունեմ, որ դիմադրողունակ միջավայր և ինստիտուտներ ստեղծելու դեպքում մենք կկարողանանք մոտ գնալ վերաբացմանը: Մեկ մեծ գործ արդեն իսկ քննվում է, իսկ մյուսը կարող է խնդիրներ առաջացնել դատական համակարգի համար՝ անհրաժեշտ կարողությունների բացակայության տեսանկյունից: Կարողությունների բացակայությունը խնդիրներ կառաջացնի Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման համար»:
Գրում է Aravot-ը։